Դեպի Ախթալա խոշորացված համայնքի բնակավայրեր տանող ճանապարհաեզրերին, հանքավայրերի շահագործման հետևանքով թափոնակույտեր են գոյացել, որը ոչ միայն բնապահպանական խնդիրներ է առաջացնում, այլ նաև՝ աղավաղում բնության պատկերը: Բավականին բարձր է նաև Մեծ Այրում ու Ճոճկան գյուղերի միջև գտնվող պոչամբարի վտանգավորության աստիճանը, այն լցված է քիմիական թափոններով: Այս ամենը հանգեցնում է բնապահպանական խնդիրների, վտանգում մարդկանց առողջությունը: Ախթալայի ԼՀԿ-ի ֆաբրիկայի տարածքից Ախթալա գետակ թափվող աղտոտված ջրերը՝ խառնվելով Դեբեդին սպառնում են նաև գետի կենդանի օրգանիզմներին:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ը և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունները չեխական «Առնիկա» ՀԿ-ի հետ համատեղ 2018-2021 թթ.-ին հետազոտություններ են իրականացրել, որոնք վերաբերում են հանքարդյունաբերության՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությանը: Հետազոտության արդյունքները մտահոգիչ են՝ մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա ծանր մետաղների ազդեցության վերաբերյալ:
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նշում է՝ բնությանը ու մարդկանց առողջությանը հասցված վնասները մեղմելու նպատակով «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը» ՓԲԸ-ում ժամանակին չորացման եղանակով պոչանքների մշակման արտադրամաս էր գործում, որն այս պահին չի աշխատում: «Եթե արտադրամասը շարունակի աշխատել այս մեթոդով, այն մեծ խթան կլինի բնությանը և մարդկանց քիչ վնաս հասցնելու տեսանկյունից: Այն պետք է շարունակի աշխատել, քանի որ այլ ճանապարհ այս պահին չկա»,- ասում է համայնքի ղեկավարը:
Խոսելով համայնքում տնտեսության այլընտրանքային զարգացման հեռանկարների մասին՝ Արկադի Թամազյանը շատ կարևորեց գյուղատնտեսության զարգացումն ու ագրոտուրիզմը: Սակայն հյուրանոցների, հյուրատների բացակայությունը բացասաբար է անդրադառնում տուրիզմի զարգացման վրա։ «Տուրիզմի համար կարող ենք օգտագործել նաև հանքարդյունաբերությունից առաջացած խորշերը: Ունեցել ենք ծրագիր, որը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում: Հենց խորշերում տուրիստական այցելություններ կազմակերպելու համար, այսինքն՝ ցույց տալ, թե ինչպես են մարդիկ ժամանակին զբաղվել հանքարդյունաբերությամբ, ինչ ձևաչափով, ինչպես են հանքաքարը հանել հանքի ներսից»:
Շամլուղի վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանը նշում է. «Լինելով նախալեռնային գոտի՝ հնարավոր է զարգացնել գյուղատնտեսությունը, անասնապահությունը, ինչու ոչ՝ նաև մեղվաբուծությունը: Տուրիզմի զարգացման համար մեր տարածաշրջանում կան բոլոր պայմանները՝ հրաշալի բնություն, պատմամշակութային վայրեր, էկո սնունդ: Այս ծրագրերը հնարավոր կլինի իրականացնել, եթե լուծվի ճանապարհի խնդիրը, կառուցվեն հյուրատներ, նաև անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ լինեն, օրինակ՝ էքսկուրսավարներ»:
Մարուս Գրիգորյանը Շամլուղի ակտիվ երիտասարդներից է։ Մի խումբ երիտասարդների հետ փորձել է վաճառել իրենց տարածքի խոտաբույսերը։ Սակայն այդ տարածքում հանքավայրի առկայության պատճառով թեյերի արտադրություն սկսելու համար չի կարողացել հավաստագիր ստանալ։ «Քանի որ մենք գտնվում ենք հանքավայրին մոտ, չենք կարող մրգեր, հատապտուղներ վաճառքի հանել շուկա»,- նշում է նա:
Ախթալայի բնակիչ Արամ Փարսադանյանը, ով այժմ աշխատում է որպես զբոսավար և ռաֆթինգի հրահանգիչ, ասում է, որ «Ախթալայի ԼՀԿ»-ը ունենալով ֆինանսական ազդեցություն Ախթալայում, ունի նաև իր վնասները: Հավելում է, որ հանքարդյունաբերական թափոնները վատ է վերահսկվում պետական մակարդակով:
«Տարածաշրջանը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և զբոսաշրջային ամենատարբեր ճյուղերի զարգացման հեռանկարներով, սկսած ջրային սպորտաձևերից մինչև օդային, արկածային, լեռնային, վրանային արշավներ, և այժմ տարածաշրջանում գործող ռաֆթինգը»,- նշում է ռաֆթինգի հրահանգիչ Արամ Փարսադանյանը: Ով վստահ է, որ արկածային հանգստի այս տեսակը կարող է խթանել ոչ միայն ներքին, այլ նաև արտագնա տուրիզմի զարգացմանը:
Ճոճկանի բնակիչ, գյուղատնտես Սամվել Սիրադեղյանը հավաստիացնում է, որ տարածաշրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի ամենանպաստավոր պայմանները: Գյուղում խորհրդային տարիներին գյուղատնտեսության առաջատար ճյուղը եղել է պտղաբուծությունը, աճեցվել են տարբեր մրգեր՝ արևադարձայինից սկսած մինչև կորիզավորներ, ընդավորներ: Բայց գյուղատնտեսության այս ճյուղի զարգացման համար անհրաժեշտ է լուծել գյուղի ոռոգման ջրի խնդիրը:
«Ոչ միայն պոմպակայանները պետք է հզորացվեն կամ նորով փոխարինվեն, այլ գոյություն ունեցող ներքին ցանցը պետք է հիմնանորոգվի, շուրջ 1000 հա հողատարածք չի օգտագործվում: Ջրի խնդրի լուծման համար բազմաթիվ ծրագրեր և առաջարկներ են եղել, բայց այդպես էլ լուծում չի ստացել»:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ասում է, որ հանքարդյունաբերական տարածքներում պետք է այլընտրանքային զարգացման հնարավորություններ ստեղծվեն: «Հայաստանում այս պահին ունենք հանքարդյունաբերական համայնքների վատ օրինակներ, ինչպիսին Դաստակերտն է, որպեսզի այդպիսի բախտին չարժանանան այն համայնքները, որտեղ հիմա հանքարդյունաբերություն է գործում, անհրաժեշտ է ներդնել հստակ սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն, որոնք կհետապնդեն համայնքի այլընտրանքային զարգացումը:
Նախատեսվում է լայն իրազեկում իրականացնել Ախթալա համայնքում՝ այլընտրանքային զարգացման ուղղությամբ: Կկազմակերպվեն քննարկումներ, դուրս կբերվեն առաջնայնություններ երիտասարդության հետ և համապատասխանաբար առաջարկություններ կներկայացվեն ՏԻՄ-երին ու կառավարությանը:
Մեր գործունեությունը իրականացվում է չեխական NESENHUTI սոցիալ-էկոլոգիական կազմակերպության հետ համագործակցությամբ և այդ մասնակցային գործընթացները լինելու են համատեղ և իրականացվելու են դեպի Քաղաքացիական հասարակության ներգրավում ծրագրի շրջանակներում»:
Համայնքի այլընտրանքային զարգացման օրինակ է Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում գյուղում գտնվող նորաստեղծ «Գրին Քեմփ» Սոցիալական Ձեռնարկատիրությունը, որը կառուցվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից և իր ձևաչափով առաջինն է Հայաստանում։ Այստեղ մատուցվելու են էկոլոգիական, գյուղական և քաղաքացիական հասարակության (ՔՀԿ) տուրիզմի ծառայություններ:
Շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են, բայց այն արդեն իսկ տպավորիչ է իր ճարտարապետական լուծումների ու բնության համադրությամբ:
Փոքր Այրումի բնակիչ Մարատ Հայրապետյանը, ով մասնակցել է թե՛ «Գրին Քեմփ» կենտրոնի կառուցման աշխատանքներին, թե՛ այստեղ անցկացված դասընթացներին, նշում է, որ տարածքը գրավիչ է զբոսաշրջիկների համար, նրանք կարող են վայելել այդ գեղատեսիլ վայրի հմայքն ու զգալ լեռների հզոր շունչը, արշավների գնալ, այցելել տարածքի պատմամշակութային վայրեր:
Բնության հետ շփումը ավելի անմիջական դարձնելու համար Մարատը ծրագրել է այստեղ կառուցել բնական անմշակ փայտից քոթեջներ:
Ախթալա խոշորացված համայնքն ունի սոցիալ-տնտեսական այլընտրանքային զարգացման բավականին մեծ հեռանկարներ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ գյուղատնտեսության զարգացման համար: Սակայն այստեղ կան բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, որոնց լուծումը միայն կհանգեցնի համայնքի տնտեսության այլընտրանքային զարգացմանը:
Համայնքի բնակչության կենսամակարդակը բարելավելու համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում: Դա կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և գյուղերից բնակչության արտագաղթի նվազեցմանը: Անհրաժեշտ է իրականացնել ծրագրեր՝ հաշվի առնելով գյուղական վայրերի տնտեսական զարգացման առանձնահատկությունները:
cvmedia.am Քաղաքացիական լրագրող Սոնա Խլոպուզյան

